Հոկտեմբերի 19-ը մեր օրացույցում տոն օրերի շարքում էր․ բացվեց մեր հերթական արևային մասնաճյուղը՝ Գյումրու սրահը, որը կապահովի Շիրակի մարզի բնակիչներին էներգիայի այլընտրանքային աղբյուրով՝ արևի էներգիայով։
Ունենալով արդեն բազմաթիվ հաճախորդներ Շիրակի մարզում՝ որոշեցինք թեթևացնել տեղի բնակիչների կենցաղային խնդիրները և նրանց կողմից բազմիցս վստահված ընկերության ներկայացուցչությունը դարձնել առավել մոտ և հեշտ հասանելի։
Միջոցառման սկզբում շնորհակալագրեր հանձնեցինք բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան մասնաճյուղի բացման գործում։
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը։ Նա ևս շնորհավորեց մեզ ընդլայնվելու առթիվ՝ նշելով․ «Շատ երկրներ անցում են կատարել էլեկտրաէներգիայի ստացման բնական միջոցների, որոնք տնտեսապես և էկոլոգիապես ավելի արդյունավետ են ու ձեռնտու։ Հայաստանը նույնպես պետք է դասվի այդ երկրների շարքին, ուստի խրախուսում եմ Գյումրիում Էկովիլ ընկերության մասնաճյուղի բացումը»։
Ընկերության տնօրեն Տիգրան Օխանյանը լրատվամիջոցների հետ իր խոսքում ասաց․ «Շուկայում ներկայացնում ենք արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է ունենալ մեծ խնայողություններ։ Նախկինում տաք ջրի կամ էլեկտրաէներգիայի համար հատկացվող գումարները հնարավոր կլինի օգտագործել այլ ծախսեր հոգալու համար։ Բարձր որակ ապահովելու նպատակով համագործակցում ենք արևային համակարգեր արտադրող առաջատար կազմակերպությունների հետ և իրականացնում բարձրակարգ սպասարկում»։
«Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծում արևային համակարգերի օգտագործումը խթանելու համար։ Դրանցից մեկն այն է, որ տարվա ընթացքում կուտակված և չծախսված էլեկտրաէներգիայի համար էլեկտրոցանցը պարտավորվում է վճարել համապատասխան սակագին․ այսինքն էլեկտրաէներգիայի ավելցուկը գումարի տեսքով հետ է վերադառնում հաճախորդին»- ասել է ընկերության որակի վերահսկման տնօրեն Արման Ջանիկյանը:
Պաշտոնական մասից բացի միջոցառումը լի էր նաև խաղերով, մրցույթներով, խաղարկություններով և նվերներով։
Մեր կազմակերպչական աշխատանքների ողջ ընթացքում մեզ աջակցում էին գյումրեցի երիտասարդ կամավորներ։
ԷկոՎիլն իր առջև նպատակ է դրել արևային էներգիան հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին՝ նպաստելով էներգետիկ անկախությանը և խթանելով էկոլոգիապես մաքուր ու անվտանգ էներգիայի աղբյուր հանդիսացող տեխնոլոգիաների տարածմանը Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։ Այդ նպատակով արևային մասնաճյուղ-սրահներ են գործում նաև Արմավիր, Վանաձոր, Սպիտակ, Հրազդան, Վարդենիս, Գավառ: Այսպիսով, եթե փնտրում եք էներգիայի անվճար, էկոլոգիապես մաքուր և անվտանգ աղբյուր, ապա սպասում ենք Ձեզ արդեն նաև Գյումրու Շիրակացի 195 հասցեում։